Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:51

Քաղավիացիայի նախկին ղեկավարը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման պատմությունից

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (1993-96 թթ.) դրական է գնահատում Երևան-Ստամբուլ-Երևան ավիաչվերթի բացման մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա մանրամասներ է հաղորդել 1990-ական թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության հաստատման պատմությունից՝ նշելով, որ այն ժամանակ Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային բացել Հայաստանի հետ օդային սահմանը:

Շահեն Պետրոսյանը պատմեց, որ 1993 թվականին, երբ ինքը նշանակվել է քաղավիացիայում, հետաքրքրվել է ավիատոր մասնագետներից, թե ի՞նչն է պատճառը, որ փակ է նաև Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, և պարզել է, որ երբ Հայաստանը անկախացել է, մասնագետները չեն զգուշացրել, որ պետք է նաև օդային սահմանները հաստատվեն: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ ԻԿԱԿ-ին: Իսկ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը արդեն բանակցություններ էին վարում Թուրքիայի ղեկավարության հետ:

«Ես այդ ամենի մասին տեղեկացրեցի իշխանություններին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, քանի որ մենք, ցամաքային շրջափակումից բացի, նաև օդային բլոկադայի մեջ էինք, իսկ Թուրքիան դրա իրավունքը չուներ: Թուրքիան արդարանում էր, ասում էր՝ «մեր սահմանը, որ կա, Սովետական Միության սահմանն է, իսկ Սովետական Միություն այլևս գոյություն չունի»: Եվ մենք ստիպված էինք հաստատել, որ դա Հայաստանի Հանրապետության սահմանն է: Մեզ շատ օգնեց եվրոպական ԻԿԱԿ կազմակերպությունը: Մենք ավելի քան մեկ տարի պայքարում էինք դրա համար, և ի վերջո ԻԿԱԿ-ը պարտադրեց Թուրքիային, որ նա բացի Հայաստանի հետ օդային սահմանը: Քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունեինք, շատ բարդ էր այդ գործընթացը: Եվ հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ասում է՝ «էֆենդի Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերը արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»: Ես պատասխանեցի՝ «միգուցե դո՞ւք գաք», ասաց՝ «չէ, մեզ մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է»», — պատմել է «Արմենպրես»-ի զրուցակիցը:

Այդպես մի փոքրիկ օդանավով՝ Յակ-40-ով Երևանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը:

«Այդ ժամանակ մենք օդային երկու միջանցք ունեինք, որոնցից մեկը կոչվում էր «H 50», մյուսը՝ «H 51»: Դրանցից մեկն անցնում էր Արարատ լեռան վրայով, մյուսը՝ Կարսի: Դա մեծ օգուտ եղավ Հայաստանին, որովհետև տարանցիկ օդանավերն արդեն սկսեցին օգտվել այդ մայրուղուց և թռիչքները կատարում էին Հայաստանի վրայով՝ Եվրոպայից դեպի Հեռավոր Արևելք: Դրա շնորհիվ Հայաստանը աերոնավիգացիայի համար տարեկան 1 մլն դոլարի եկամուտ էր ստանում», — բացատրեց Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավարը:

Այդպիսով «Հայկական ավիաուղիների» միջոցով 1995 թվականի մայիսին բացվել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Ծրագրեր են եղել նաև Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ 2000-ականներին՝ մինչև 2016 թվականը, նաև հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երևան ավիաթռիչքներ են եղել թուրքական «Պեգասուս» ավիաընկերության օդանավերով, սակայն 2016-ին, երբ տարածաշրջանային իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կրկին բարդացավ, այդ թռիչքները դադարեցվեցին:

Քաղավիացիայի նախկին ղեկավարը դրական է գնահատում Հայաստան-Թուրքիա ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկությունները:

«Ընդհանրապես, հարևանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ: Այնպես որ, ես դրական եմ գնահատում», — նշել է Շահեն Պետրոսյանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրք նախարարը հիշեցրել է, որ վերջին 2.5 տարում Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցություն չի եղել, և հիմա իրենք ոլորտի համար կարևոր առաջընթաց են ակնկալում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթեր իրականացնելու հայտ է ներկայացրել Flyone Armenia ընկերությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+