Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել ТАСС-ին՝ ասելով, որ Խորհրդային Միությունը կարելի էր «փրկել» Սուվերեն պետությունների միություն ստեղծելու միջոցով:
Գորբաչովը հայտարարել է, որ խորհրդային իշխանություններն ի սկզբանե թերագնահատել են ազգամիջյան խնդիրների ծավալները Խորհրդային Միությունում և նրա թարմացման, նորացման անհրաժեշտությունը:
Գորբաչովի խոսքով՝ խորհրդային իշխանությունների նպատակը իրական ինքնիշխանություն ունեցող հանրապետությունների իրական համադաշնություն ստեղծելն էր:
«Անվտանգությունը, պաշտպանությունը, տրանսպորտային ցանցը, միասնական արժույթը մարդու իրավունքների ապահովումն, ըստ պայմանագրի նախագծի, պիտի լինեին միութենական կառույցների իրավասության ոլորտում: Ես վստահ եմ, որ դա կենսունակ տարբերակ էր, հանրապետությունների մեծ մասը կաջակցեր դրան, բայց ԳԿՉ-ի հեղաշրջման փորձը խափանեց այդ հնարավորությունը: Բայց նույնիսկ պուտչից հետո, երբ հանրապետությունները հայտարարեցին իրենց անկախության մասին, իսկ ԽՍՀՄ նախագահի դիրքերը լրջորեն թուլացան, ես կարծում էի, որ Միությունը կարելի էր պահպանել, և առաջարկեցի համաձայնության հասնել Սուվերեն պետությունների միություն ձևավորելու մասին», — ասել է Գորբաչովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






