Կառավարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ընտրված և կալանավորված անդամների մասնակցությունն այդ ավագանիների առաջին նիստերին։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Կառավարությունը և մասնավորապես Արդարադատության նախարարությունն ուղիղ պարտավորություն ունեն ապահովելու, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքների ընտրված ավագանիների այն անդամները, որոնք կալանավորված են, մասնակցեն այդ ավագանիների առաջին նիստերին և չզրկվեն իրենց սահմանադրական իրավունքից: Խոսքը համայնքների նորընտիր ավագանիների այն նիստերի մասին է, որտեղ պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, բողոքներ են հասցեագրել Վարդենիս և Վանաձոր համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցած և ավագանու անդամ ընտրված համապատասխանաբար՝ Արամ Հարությունյանը և Մամիկոն Ասլանյանը: Նրանք գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ քրեական գործերով կալանավորվածի կարգավիճակում:
Նրանք երկուսն էլ բողոքներով տեղեկացրել են, որ իրենց կալանավորումները նպատակ ունեն այնպես անել, որ իրենք չմասնակցեն ավագանիների առաջին նիստերին և այդ պարագայում երկու դեպքում էլ ձայներն այնպես կբաշխվեն, որ և՛ Արամ Հարությունյանը, և՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքի ղեկավար: Ավելին, ըստ բողոքների՝ չմասնակցության դեպքում իրենք ևս կզրկվեն քվեարկելու, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրելու և ընտրվելու իրավունքից:
Սրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր կալանավորումներից հետո ավագանիների նշված անդամների նկատմամբ ճնշումների մասին. նրանք տեղերում՝ իրենց համայնքներում ներկայացվում են՝ որպես հանցանք կատարած և արդեն իսկ դատապարտված ու համայնքի ղեկավար դառնալու հնարավորությունից առհասարակ զրկված անձինք:
Այս մասին են նշել հենց բողոք ներկայացրած անձինք:
Արամ Հարությունյանի և Մամիկոն Ասլանյանի բողոքների, քրեակատարողական հիմնարկներում նրանց հետ առանձնազրույցների, անհրաժեշտ փաստաթղթերի համադրված ուսումնասիրությունների արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալը:
Նախ, ավագանիների այդ անդամների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածի երաշխիքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի պարտադիր բաղադրիչ:
Հետևաբար, նրանց նկատմամբ վերաբերմունքը չի կարող խաթարել այդ սահմանադրական և միջազգային կոնվենցիոն պահանջը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






