Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը։
Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Ինչպես հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական էջը՝ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման և Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում ՀԱՊԿ-ի գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






