Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում և կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ Էբեսենի հետ: Այս մասին հայտնել է ԱԺ-ն։
Հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը և կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին և ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ:
Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք: Քննարկվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի և ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգսյին ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու և օրակարգային առաջնահերթություները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






