Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում:
Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումներին:
Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
«Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել էր Հունանյանը։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի և Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փոխադարձ ստացված դրական ազդակների մասին։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց, նրա խոսքով, հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






