Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին որոշ մանրամասներ է հայտնել։
«Նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիեւին մեկ սեղանի շուրջ նստեցնեն՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար», — ասել է եվրոպացի պաշտոնյան:
Անցած շաբաթ, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում, Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը համաձայնություն են տվել հաջորդ ամսվա կեսին Բրյուսելում հանդիպելու վերաբերյալ:
«Դեռ պարզ չէ, թե ինչ ձեւաչափով է անցնելու այս հանդիպումը, ԵՄ առաջնորդներից ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ, և արդյոք բանակցություններին ներկա կլինեն նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ու արտաքին գործերի նախարարները», — ասել է ԵՄ պաշտոնյան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







