Երևանում առավոտյան 44 րոպեով փակել են մի շարք փողոցներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները ազատագրական շարժման նախաձեռնողներն են։ Ժամանակավորապես փակվել է Հաղթանակի կամուրջը, Բաղրամյան, Արշակունյաց և Տիգրան Մեծի պողոտաները։
Նոր ձևավորված Ազատագրական շարժման անդամները կոչ են անում ժամը 17:00-ին հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։
Ազատագրական շարժման անդամները պահանջում են չստորագրել սահմանազատման և սահմանագծման ծրագիրը և հրապարակային ներկայացնել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նաև հավուր պատշաճի զինել բանակն ու աշխարհազորը:
Ազատագրական շարժման անդամ, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ բոլորը պետք է ոտքի կանգնեն և պայքարեն։
«Ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Պետք է տեր կանգնենք մեր երկրին, քանի որ վաղը հնարավոր է՝ ավելի վատ լինի»,- նշեց Զոհրաբյանը։
Նրանք հայտարարեցին, որ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են զանգվածային անհնազանդության գործողություններ իրականացնել։
Նշենք, որ փակված փողոցների երթևեկությունը վերականգնվել է։
Հավելենք, որ դեկտեմբերի15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, օրակարգում է լինելու նաև սահմանային իրավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







