Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նշել է Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև արտաքին քաղաքական համագործակցության ոլորտները: Դրանց թվում են Իրանի հետ պայմանավորվածությունների որոնումը, իրավիճակը Աֆղանստանում և Կովկասում:
«Կան ասպեկտներ, որոնց շուրջ մենք խորը տարաձայնություններ ունենք, օրինակ՝ Սահելն ու Ուկրաինան։ Կան նաև կետեր, որոնց վրա մենք կարող ենք ռուսների հետ համակարգված աշխատել կամ գոնե մտքեր փոխանակել առաջ գնալու համար։ Առաջին հերթին Իրանի վերաբերյալ, որտեղ մենք փորձում ենք վերսկսել միջուկային բանակցությունները, այնուհետև Աֆղանստանի վերաբերյալ, որտեղ մենք կիսում ենք ահաբեկչության վերսկսումից խուսափելու անհրաժեշտության դիրքորոշումը, կամ Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր դնելու համար։ Երկխոսությունն անհրաժեշտ է հատկապես ճգնաժամերի ժամանակ»,- ասել է Լը Դրիանը ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում, որը մեջբերում է РИА Новости-ն։
Լը Դրիանը նաև նշել է, որ ավելի վաղ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարները Փարիզում «2+2» ձևաչափով հանդիպում են անցկացրել՝ քննարկելու տարբեր հրատապ հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






