Այսօր կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը բանավեճի մեջ են մտել:
Նիստի եզրափակիչ մասում Ասադովը, ի պատասխան Գրիգորյանի հիմնական ելույթի, խոսք է խնդրել: Պատասխանելով Մհեր Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիներին վերադարձնել, Ասադովը դիվերսանտներ է անվանել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:
Հայաստանի փոխվարչապետի մեկ այլ հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով, և որ հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում, Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում «ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի». կա միայն «Ղարաբաղյան և Արևելա-Զանգեզուրի տնտեսական շրջաններ», նշել է նա:
Իր հերթին Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և շարունակում է կատարել 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները։ Նա կրկին կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ հերթական անգամ կրկնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






