ՀՀ քննչական կոմիտեում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2012թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիք կատարելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարը, 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանի ցանցի ղեկավարի պաշտոնը, տեղեկացված լինելով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ կողմից Բերդ համայնքում գտնվող «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 3.3535հա մակերեսով հողատարածքի ձեռք բերման մտադրության մասին, նշված ՍՊ ընկերության սեփականատիրոջ հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, ըստ որի՝ վերը նշված հողատարածքից որոշակի հատված փոխանցվելու է վերջինիս որդուն, ապօրինի, ինքնակամ կառուցել է 106.96քմ. արդյունաբերական մասնաշենք և 236.66քմ. պահեստ:
Համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերի 27-ից իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքում, առանց նախագծային փոփոխություններ կատարելու և առանց նոր շինթույլտվության, ինքնակամ իրականացրել է 51քմ մակերեսով ներքին և արտաքին չափերով շինության ծածկի կառուցում և որպես համայնքի ղեկավար, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով վարչական պատասխանատվության միջոց:
Իր նպատակն իրագործելու համար, որպես համայնքի ղեկավար՝ 2020թ. հունվարի 17-ին կայացրած որոշմամբ օրինական է ճանաչել իրեն և կնոջն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 51քմ. մակերեսով ներքին և արտաքին չափերով ինքնակամ կառուցված շինություն-ծածկը, ինչպես նաև նույն որոշմամբ իրեն և կնոջը պարտավորեցրել է տեղական բյուջե մուծել 112.200 ՀՀ դրամ գումար:
Արդյունքում՝ համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, այն ծառայեցրել է անձնական և խմբային շահերին, չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից, ինչի հետևանքով համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:
Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ՔԿ կայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







