Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատոր «Ռոստելեկոմի» 100 տոկոս բաժնետոմսերը հանվել են վաճառքի, և արդեն իսկ կա գնորդ։ Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը, որի հետ զրույցում նշված տեղեկությունը հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, բոլոր թույլտվությունները ստանալու դեպքում վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերին». «Դիմում ստացել ենք։ Հավանական գնորդը ՀԷՑ-ն է և մեկ այլ ֆիզիկական անձ»,- «Լուրերի» հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահը։
Վերջինիս փոխանցմամբ՝ ներկայում ընթանում է գործարքի թույլտվության հետ կապված գործընթաց՝ «Կառավարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմումներ են հասցեագրվում՝ կարծիքների համար»։ Կառավարության աշխատակազմին ևս դիմում է հասցեագրվել գործարքի վերաբերյալ, սակայն դեռ պատասխան չկա:
Ինչպես տեղեկացրին ՀԾԿՀ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» «Ռոստելեկոմի» բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել Molitro Holdings Limited ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է ՀԷՑ-ին, իսկ 40 տոկոսը՝ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանին։ Molitro Hօldings Limited-ը ՀԾԿՀ դիմում ներկայացրել է հոկտեմբերի 19-ին։
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետերը 2015-ից ռուսաստանաբնակ գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Ներկայում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը։ Այն հիմնվել է 2010-ին Կիպրոսում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







