«Հայաստան» դաշինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ձևաչափով քննարկում անելու ցանկություն չունի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
««Հայաստան» խմբակցությունը երեկ արդեն հայտարարել է, որ մենք իր հետ խոսելու բան չունենք։ Այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, քեզ հեռացնելու ենք»,- նշեց Աղվան Վարդանյանը։
Պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է։
«Վախն այնքան խորն է նստած այս մարդու մեջ, որ չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին»,- տեսակետ հայտնեց Վարդանյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Աղվան Վարդանյանը հարցրել էր, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԳ նախարարը չեն այցելում Արցախ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո Իլհամ Ալիևն արդեն 15 անգամ այց է կատարել Արցախից բռնազավթած տարածքներ։
Նրա հարցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանել էր, որ ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ մեկնել են Արցախ։ Այս պատասխանը չէր գոհացրել ընդդիմադիր պատգամավորին։
Հիշեցնենք, որ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն խորհրդարանական ընդդիմադիր ուժերին հրավիրել էր հանդիպման։
«Հայաստան» դաշինքն իր հերթին հայտարարել էր, որ որևէ ձևաչափով չեն պատրաստվում Փաշինյանի հետ քննարկում անցկացնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






