Ազգային ժողովի նիստում քվեարկության դրվեց դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: Իշխող ուժը՝ ՔՊ-ն, սակայն, այն տապալեց՝ չմասնակցելով քվեարկությանը։
ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը պարզաբանեց, որ իրենք չեն կարող այս նախաձեռնությանը կողմ քվեարկել, քանի որ այն ԱԺ իրավասություններից դուրս է։
«Մեր ընդդիմադիր գործընկերներին խնդրում եմ հաշվի առնել այն լիազորությունները, որոնք դրված են խորհրդարանի առջև: Եթե վկայակոչում եք դատական օրենսգրքի որևէ հոդվածի անկատարություն, ապա կարող եք օրենսդրական վերահսկողություն սահմանել»,-ընդդիմադիրներին կոչ արեց իշխանական պատգամավորը՝ նշելով, որ քվեարկության մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ։
Մինչդեռ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծված է, ՔՊ-ի՝ քվեարկությանը չմասնակցելը որևէ հետևանք իրենից չի ենթադրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






