Անկարայի պայքարը Սիրիայում ապագայում բոլորովին այլ կլինի։
Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը։
«Սիրիայում ուժեղանում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի աջակցության շնորհիվ։ Մինչև ինչ-որ մի պահ մենք հանդուրժում էինք, և վերջին անգամ մեր երկու ոստիկանները զոհվեցին [ՔԱԿ-ի և ՍԱԽ-ի հարձակման հետևանքով]։
Առաջիկա շրջանում նրանց դեմ մեր պայքարը շարունակվելու է բոլորովին այլ կերպ։ Մենք պայքարելու ենք ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց աջակցում են ինպես ԱՄՆ-ն, այնպես էլ Բաշար Ասադի ռեժիմի ուժերի դեմ։ Մենք վճռական ենք տրամադրված այդ հարցում», — հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչպես կփոխվի պայքարը Սիրիայում։ Սակայն վերջին ժամանակներս Անկարայում ավելի ու ավելի հաճախ են հնչում Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների «ներկայությանը վերջ տալու» պատրաստակամության մասին հայտարարություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







