Հայաստանի շահերից է բխում սերտ, դրական և բարիադրացիական հարաբերություններ ունենալ Իրանի հետ, իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր պնդումները, թե Հայաստանում ձևավորված նոր կառավարությունն արևմտամետ է և այս իշխանության կառավարման շրջանում Իրանի և Հայաստանի հարաբերությունները կսրվեն, իրականությանը չեն համապատասխանում:
«Մենք բազմիցս նշել ենք, որ հայաստանամետ ուժ ենք, և մենք հետապնդում ենք Հայաստանի Հանրապետության շահերը, և սպասարկում ենք այդ շահերը»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը:
«Տնտեսական առումով առաջնային ոլորտներից է էներգետիկ համագործակցությունը: Գիտեք, որ այս ոլորտում Իրանն և Հայաստանն ինտենսիվ համագործակցում են: Մենք Երևանում սպասում ենք Իրանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին, որպեսզի ավելի ինտենսիվ քննարկենք ոչ միայն Հայաստանի և Իրանի սահմանին, այսինքն՝ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն, այլ նաև ենթակառուցվածքային այլ ծրագրերի հնարավորություն, և այստեղ մենք ինտենսիվ աշխատում ենք»,- նշել է նա:
Պատասխանելով ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին, Արմեն Գրիրգորյանը շեշտել է, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնեն:
«Եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա մենք կարծում ենք, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ»,- կարևորել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից ուժի ցուցադրությանը, ԱԽ քարտուղարն ասել է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
«Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն: Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս»,- եզրափակել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







