Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Դուշանբեում մեր ԱԳ նախարարի հետ ձեր հանդիպումից հետո մենք զրույց ենք ունեցել, և իր գնահատականը նույնպես այն է եղել, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, որոնք գուցե պատշաճ չենք օգտագործել, և հիմա պետք է ամեն ինչ անենք՝ բաց թողնվածը լրացնելու համար: Բայց նաև ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մտադրությունը, մթնոլորտը և օրակարգն արձանագրել են նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին՝ Նյու Յորքում ունեցած հանդիպման ժամանակ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ գաղափարը՝ այն համարելով տեղում ՀՀ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հայ-հնդկական գործարար կապերն ակտիվացնելու փոխշահավետ հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






