Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնաբանել է Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստան սպասվող վերադարձը:
«Ենթադրենք՝ երեկոյան ժամանեց, ի՞նչ պետք է լինի: Աշխարհում ոչ ոք չի կարող միջամտել օրենքի կատարմանը: Նրանք, ովքեր կփորձեն, կգնան բանտ: Մենք դա երաշխավորում ենք օրենքի և պետության անունից: Երկրորդ բանը, որ ես ուզում եմ ասել, իհարկե, այն է, որ Սաակաշվիլին դատապարտված է, նա արժանի է բանտարկության, նա անդառնալի սխալներ է թույլ տվել և մեծ վնասներ հասցրել մեր երկրին, մեր պետությանը»,- Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում «Գրուզիա Online»- ը:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է էլեկտրոնային տոմսի նկարը՝ նշելով, որ նա Թբիլիսի է ժամանելու հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
«Իհարկե, ես արդեն տոմս էի վերցրել, ինչպես ասացի, հոկտեմբերի 2-ի երեկոյի համար, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և ձեզ հետ միասին պաշտպանեմ ձեր կամքի արտահայտումը: Ես անձնական ամբիցիաներ, որևէ պաշտոն ստանալու ցանկություն չունեմ: Ես չեմ պատրաստվում պայքարել դրա համար, բայց մտադիր եմ պայքարել, որպեսզի մեր երեխաներն ապագա ունենան: Որպեսզի Վրաստանը ոչ միայն մնա համաշխարհային քարտեզի վրա, այլև վերադառնա արագ զարգացման»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ անընդմեջ` 2004-2013 թվականներին: Նա Վարդերի հեղափոխության առաջնորդներից էր, որի արդյունքում Էդուարդ Շևարդնաձեն հեռացվեց իշխանությունից:
Վրաստանի նախագահի պաշտոնը լքելուց անմիջապես հետո Սաակաշվիլին լքել է երկիրը: Նա Վրաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ է հայտնվել մի քանի քրեական գործերով, որոնք ինքն անվանում է քաղաքական դրդապատճառների հետևանք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







