Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վերհիշեց 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի են ունեցել շփումներ։ Պատգամավորը հիշեցրեց նաև, որ նույն օրը պետք է եթեր հեռարձակվեր վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությունով, սակայն այն չցուցադրվեց։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու այդ հարզացրույցը եթեր չի գնացել։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իր հարցազրույցը եթեր չի գնացել միայն մեկ պատճառով․ պատերազմ է սկսվել։ Նա նաև նշեց, որ Արցախյան պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովի ընթացքում այդ հարցը կքննարկվի։
Բացի այս, վարչապետը նշեց, որ մեր առաջ եղած խնդիրները լուծելու համար պետք են բացառիկ ամուր նյարդեր և հավասարակշռություն։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը հենց այդ սկզբունքն է որդեգրել։
«Մենք ՀՀ քաղաքացիներից և ՀՀ ԱԺ-ից թաքցնելու ոչինչ չունենք։ ՀՀ ԱԺ-ն ընդունել է կառավարության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու պարտավորությունն է ՀՀ քաղաքացիների առաջ։ Մենք այս ճանապարհով հետևողականորեն գնալու ենք»,- նշեց նա։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ փաստորեն, ՀՀ վարչապետն իմացել է, որ Ադրբեջանը պետք է պատերազմ հայտարարեր։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական։ Համենայնդեպս, ինձ այդպես են զեկուցել»,- հայտարարեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







