«Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «Իշխանությունը երկարատեւ փնտրտուքից հետո վերջապես գտել է թեկնածուին, որը Գյումրիում առաջիկայում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, որոնց իշխանությունը ցանկանում էր «վերբովկա» անել, տարբեր մարդկանց անուններ էին շրջանառվում՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից մինչեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան: ՔՊ-ականների ընտրությունը, սակայն, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի վրա է կանգ առել: Ինչո՞ւ հենց Հարությունյանը. հարցի պատասխանը «Ժողովուրդը» օրաթերթը փորձեց հենց մարզպետից ստանալ: Նա, նախ, խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, ապա մինչեւ երեկո անպատասխան թողեց մեր զանգերը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունն առաջիկա նստաշրջանում նոր մարտի է պատրաստվում։ Չորեքշաբթի օրն ԱԺ է գալիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ․ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր է։ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հիշվող» դարձնել բոլոր չորեքշաբթիները եւ կառավարության անդամների տգիտությունն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնել, նաեւ քայքայել նրանց նյարդերը։ Թե ինչպես են դա անելու, առայժմ գաղտնի են պահում։ Ի դեպ, ԱԺ-ն դեռեւս բուռն վերանորոգումների մեջ է․ «Պատիվ ունեմ» խմբակցության հարկաբաժինն է ամբողջությամբ վերանորոգման կանգնած, «Հայաստան» դաշինքի որոշ անդամների աշխատասենյակներում են կոսմետիկ շտկումներ անում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հարաբերությունները գնալով սրվում են։ Վերջին շրջանում ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով սադրանքների են գնում՝ Շուշիի հատվածում ճանապարհն են փակում, խախտում են հրադադարի ռեժիմը՝ անկանոն կրակ բացելով, երբեմն նաեւ Ստեփանակերտի ուղղությամբ։ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պլանավորված է սադրում՝ փորձելով ցույց տալ, որ դրության տերն իրենք են, խաղաղապահները ժամանակավոր են եւ խաղաղություն չեն հաստատում։ Մեր աղբյուրի կարծիքով՝ նրանց առջեւ կանաչ լույս են վառում Արցախի եւ ՀՀ իշխանությունները, որոնք չեն արձագանքում այդ սադրանքներին, հաղորդագրություններ չեն տարածում հրադադարի ռեժիմը խախտելու մասին, նոտաներ չեն հղում, միջադեպերի վրա չեն հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում «վաստակ եւ հեղինակություն» ունեցող թեկնածուների փախցնոցի է սկսվել քաղաքական ուժերի շրջանում։ Մեզ պատմեցին, որ թեկնածու գողանալու հարցում ռեկորդակիրը նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Կուսղեկավարները շրջում են մարզերով եւ մրցունակ թեկնածուների հետ բանակցում՝ կուսակցության մեկենաս, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի անունից։ Բնականաբար, բավականին լավ պայմաններ առաջարկում թեկնածուներին՝ լավ ապագա խոստանալով։ Հիշեցնենք, որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող խոշոր համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են լինելու, դրա համար էլ անհատները պարտադիր որեւէ քաղաքական ուժի ցուցակով պետք է մասնակցեն ընտրություններին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ իշխանական խմբակցությունը սպասում է, թե երբ կբարեհաճեն իրենց հետ հանդիպել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուները: Բանն այն է, որ հայրենի իշխանությունը դեռեւս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարման ժամանակահատվածում դատավորների թեկնածուներ է առաջադրել, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ընտրությունները չեն կայացել:
Իսկ արդեն սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանում իշխանությունը նպատակ ունի ընտրել դատավորներին: Վճռաբեկ դատարանի դատավորների երեք թեկնածուներն են` Հովսեփ Բեդեւյան, Հրաչ Այվազյան եւ Լիանա Հակոբյան»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







