Կառավաության որոշմամբ՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստի ժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Այս մասին որոշում կայացվեց այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում։
ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Բանն այն է, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լրանում են համայքների գերակշռող մեծամասնության տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետները: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս շարունակվում են վարչատարածքային բարեփոխումները և այդ համայնքներն ընդգրկված են համայնքների միավորման ծրագրերում՝ այդ համայնքներում ՏԻՄ-երի ընտրություններ չեն անցկացվելու:
Միավորվող համայնքների ՏԻՄ-երի ընտրությունները, ըստ նախագծի, կտեղափոխվեն 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







