Շատ կարևոր է, որպեսզի պետական գործունեությունը ուղղված լինի և բխի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից, ոչ թե ուղղված լինի այն առավելագույնս սահմանափակելուն, որպեսզի հեշտացնեն պետական իշխանությունների գործունեությունը։ Այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ըստ թեկնածուի՝ շատ դեպքերում և ժամանակներում օրենսդրական գործունեության իրականացումը ուղղված է եղել ոչ այնքան մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ եղել է շղարշ։
«Իրական նպատակն է եղել պետական իշխանության մարմինների գործունեության դյուրինացման ճանապարհով գնալը, մինչդեռ պիտի լինի ճիշտ հակառակը»,- ընդգծել է նա։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ ի լուր աշխարհի՝ պետք է բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է բոլոր կոնվենցիաները և առ այսօր, միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ, հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին:
«GPS-ի գործադրմամբ, միակողմանի քմահաճույքների դրսևորմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո գծվեցին մեր երկրի սահմանները, և Հայաստանի քաղաքացին շատ դեպքերում մնացել էր մենակ թշնամու զինուժի դեմ»,- նշեց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






