Հուլիսի 14-ին Սյունիքի մարզից Սճ լճի տարածքից անհետացած երկու հայ զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են, նոր տեղեկատվություն առկա չէ: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությանը։
«Նոր տեղեկատվություն դեռևս չկա, համապատասխան աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ըստ պաշտպանության նախարարության՝ այդ օրերին տարածած հաղորդագրությունների՝ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը:
Զինծառայողները, ինչպես հայտնել էին ՀՀ ՊՆ-ից, եղել էին առանց զենքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







