Կառավարության նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
«Սույն համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճում է հիվանդացության դեպքերի աճը։ Վարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգում լրացուցիչ ներդրումներ անել, արդիականացնել այն։ Այս ծրագրերի շրջանակում մենք կունենանք ավելի արդիականացված Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ազգային ցանց»,- հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսի օրական վիճակագրությունը դանդաղ աճ է գրանցում։ Նա նաև այլ վիճակագրություն ներկայացրեց․ «Այս պահի դրությամբ մենք իրականացրել ենք 190․036 պատվաստում, որից միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում, ինչը պատվաստման տեմպի լավ առաջընթաց է։ Անցած շաբաթ մենք սեքվենավորել ենք վարակվածներին։ 30 նմուշառված դեպքերից մենք ունենք 25 դելտա շտամի առկայություն, 5 բրիտանական շտամի առկայություն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



