«Հայաստան» դաշինքի առաջին համար, ՀՀ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«ԱԺ–ում խմբակցության անդամների դերաբաշխման մասին դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Այսօր կամ վաղը տեղեկություն կտարածենք դաշինքի խմբակցության ղեկավարի, քարտուղարի վերաբերյալ»,- ասաց Սաղաթելյանը՝ միաժամանակ չմեկնաբանելով նաև այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը, հնարավոր է, ինքը զբաղեցնի։
Սեյրան Օհանյանը ևս ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր՝ դաշինքի խմբակցության ղեկավարի լինելու մասին տեղեկությունը։ Նշեց, որ դաշինքն այդ մասին պաշտոնապես կհայտարարի։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանի փոխանցմամբ՝ դաշինքում չի քննարկվել խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը` 66 650 քվե կամ 5.22%։
Հիշեցնենք նաև, որ չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» ու «Զարթոնք» կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Սահմանադրական դատարանն էլ որոշել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






