«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Այս պահին փաստաթուղթը նախապատրաստական փուլում է։ Երբ պատրաստ լինի, այդ մասին հայտարարություն կտարածենք։ Հստակեցվում է նաև, թե ինչ պահանջներով ենք դիմելու ՍԴ ։ Կարող եմ նշել, որ պահանջներից մեկն է անվավեր ճանաչել հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ խորհրդարան անցած երեք ուժերի միջև մանդատները բաշխվելու են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կստանա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ։
Հիշեցնենք նաև, որ Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան։
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի էջում գրել էր, որ նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն ուսումնասիրվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






