Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ Հայաստանի իշխանություններն այժմ կհամաձայնեն ընտրություններից հետո Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքել: Այս մասին Ալիևն ասել է Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին ընդունելիս:
«Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք»,- ուրբաթ ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին, հաղորդում է «Ինտերֆրաքս-Ադրբեջանը»:
«Եթե մենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, ապա խաղաղություն նույնպես չկա: Ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղություն չկա: Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսումներ, պատերազմի զրո ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ: Նախկինում էլ մեզ պատերազմ պետք չէր», — ընդգծել է Ալիևը:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ Երևան կատարելիք հաջորդ այցի ընթացքում ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն այս հարցը Հայաստանի ղեկավարության հետ:
Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված է եւ այս հարցի շուրջ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չկա:
«Մենք ներկայումս գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և այս հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահը նաև մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հրահրելու մեջ: «Բոլորի համար, ինչ տեղի ունեցավ վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկեց բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրեց պատերազմը»,- ասաց նա:
Ալիևը հիշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել էր, որ նոր պատերազմ նշանակում է նոր տարածքներ, ինչը նրա խոսքերով բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար: Հայաստանի վարչապետը նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցություններին:
«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Ղարաբաղը Հայաստան է » — ասել է Ալիևը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






