Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

Սարգսյանի ու Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ամեն ինչ կստանա բանակցային ճանապարհով

Սարգսյանի ու Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ամեն ինչ կստանա բանակցային ճանապարհով

«2018-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը երկու արձանագրում է արել, որ բանակցությունները կանգնած են, և լավատեսության հիմք չեն տալիս, և երկրորդը՝ ասել է, որ այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ուխտադրուժ ձևով չի փորձելու պատերազմով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ 2018-ի դրությամբ Ղարաբաղի հարցում ունեցել ենք այս վիճակը: Մենք ի՞նչ ենք արել. բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք ձախողված բանակցային գործընթացը ինչ-որ կերպ վերակենդանացնել՝ առաջարկելով կառուցողական բանաձևեր: Երկրորդը՝ արել ենք առավելագույնը, որ Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի: Բայց ստացվում է, որ 2020-ի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը՝ 2»,- ՔՊ-ի Նուբարաշենի գրասենյակում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ իրենց մեղադրում են Ղարաբաղի հարցում Ադրբեջանին հույս չտալու մեջ, որ էն, ինչ որ իրենք ուզում են ստանալ, կստանան բանակցությունների միջոցով: Իսկ հարց՝ բանակցությունների ողջ գործընթացի ընթացքում Ադրբեջանը հույս տվե՞լ է մեզ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է այնպես, ոնց պատկերացնում է հայ ժողովուրդը:

«Ադրբեջանը շարունակաբար ասել է, որ Ղարաբաղը համարում է իր տարածքը, որ յոթ շրջանները պետք է վերադարձվեն իրեն, եթե չվերադարձվեն, ինքը ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Հայկական կողմի մի ժամանակ բանակցողը ասում է, որ պետք էր ադրբեջանական կողմին հույս տալ, որ էն, ինչ ինքն ուզում է ստանալ, կստանա բանակցությունների միջոցով: Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ էս ամեն ինչը կստանա բանակցային ճանապարհի միջոցով:

Ասեմ ձեզ՝ հասել են այդ նպատակին, որովհետև 2018-ի բանակցային իրավիճակում, նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա՝ ա) յոթ շրջանները, բ) Ղարաբաղը: Հիմա հարց. թող ասեն՝ իրենց ինչո՞վ է հույս տրվել, մենակ մի բանի հույս, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակենք Ղարաբաղի հետ: Այսինքն՝ դա՞ է հույսը: Կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Այդ հույսերն արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն են դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Էս իրավիճակում ենք մենք ժառանգել Ղարաբաղի հարցը»,- նշեց Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց՝ թող այդ դեպքում ասեն, թե իրենց ինչ հույս է տրվել: «Եթե բանակցային կողմն ասում է, որ մենք պետք է դիմացին հույս տանք, տրամաբանական է, որ դիմացինն էլ պետք է մեզ հույս տար: Ինչի՞ հույս է տվել մեզ Ադրբեջանը: Մենակ մի բանի հույս է տվել: Միակ տարբերակը, որտեղ այս հույսի տրամաբանությունը կարող էր գործել, հետևյալն է, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակեն Ղարաբաղի հետ: Այսինքն, դա՞ է հույսը: Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Հանրությանն ասեք՝ ի՞նչ հույս եք տվել Ադրբեջանին բանակցությունների ընթացքում, և Ադրբեջանը ինչի՞ հույս է տվել: Եվ դա պետք է ցույց տան հրապարակային հայտարարություններով և փաստաթղթերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ 2018 թվականին չի եղել բանակցային կոմբինացիա, որը շատ թե քիչ ընդունելի համարելը հնարավոր է համարվել իր կողմից: «Ես չեմ տեսել նման տարբերակ: Դա եղել է ժամանակին Ադրբեջանին տված հույսերի կուլմինացիան»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարություններին՝ Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ հայկական վերահսկողության տակ մնալու վերաբերյալ: «2018 թվականի այն տրամաբանությամբ, որ եղել է բանակցային սեղանին, ոչ մի բան չէր մնում մեր վերահսկողության տակ: Ընդ որում՝ Հայաստանն անընդհատ հույս էր տալիս, իսկ Ադրբեջանն ավելի շատ էր ուզում, և ինչքան ավելի շատ էր ուզում, պետք էր ավելի շատ հույս տալ: Եվ խաղաղության ապահովման միակ եղանակը համարվել է ավելի շատ հույս տալը: Շատ լավ, կարող է լինել տրամաբանություն, ևս 30 տարի հույս տայինք, ևս 30 տարի ձգեինք, բայց գալիս է պահը, երբ դիմացինն ասում է, որ խոսքից պետք է անցնել գործի: Եվ շատ կարևոր է, որ այդ հույսերը արդեն ոչ միայն Ադրբեջանի ակնկալիքն էին դարձել Հայաստանից, այլև միջազգային հանրության և միջնորդների: Մենք այս իրավիճակում ենք ժառանգել Ղարաբաղի հարցը: Եվ դա փաստաթղթերով է ապացուցելի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միակ կոմպոնենտը, որը կարող էր մխիթարող դերակատարում ունենալ, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի թեման էր: «Բայց Ադրբեջանը և միջնորդները, ըստ էության, 2016 թվականից արձանագրել են, որ միջանկյալ կարգավիճակ չի լինելու: 2016 թվականի հունվարին, ըստ էության, Հայաստանին ներկայացվել է, որ Հայաստանը պետք է միջանկյալ կարգավիճակի գաղափարից հրաժարվի: Հայաստանը, բնականաբար, մերժել է, որից հետո 2016 թվականի ապրիլին սկսվել է ապրիլյան պատերազմը, որից հետո 2016 թվականի ամռանը ներկայացվել են առաջարկներ, որտեղ միջանկյալ կարգավիճակ հասկացությունը գոյություն չունի: Դրանից հետո տեղի է ունեցել բանակցային գործընթաց, որի արդյունքում հայկական կողմը, ըստ էության, համաձայնվել է, որ նաև Քելբաջարի ու Լաչինի շրջանները պետք է հանձնի՝ առաջարկելով վերադարձնել միջանկյալ կարգավիճակի տրամաբանությունը, ինչը Ադրբեջանը մերժել է: Հասկանո՞ւմ եք, բանակցային գործընթացում երկու կողմ է ձևավորվել, որոնցից մեկի հույսերն անընդհատ պիտի մեծանան, և երկրորդ կողմն էլ նա է, որը պետք է ավելի ու ավելի շատ մեծ հույսեր տա դիմացինին: Եվ երբ ամեն ինչի հույսը տրված է, արդեն գալիս է գործողության ժամանակը»,- ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաև այն մասին, թե ի՞նչ պետք է տեղի ունենար հետո, եթե նույնիսկ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակն ընդունվեր:

«Նախ շատ կարևոր առանձնահատկություն կա, որ 1998 թվականին Քոչարյան-Սարգսյան զույգը իշխանափոխությունն արել են այն տրամաբանությամբ, որ Ղարաբաղի հարցը փուլային եղանակով չպետք լուծվի, այլ պետք է լուծվի փաթեթային եղանակով: 2018 թվականին բանակցային սեղանին եղել է և այդ ողջ ընթացքում բանակցել են մի փաստաթուղթ, որը վերնագրված է՝ ԼՂ հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Քաղաքական խորամանկություն են արել, որպեսզի չստացվի, որ 1998 թվականին այդ քաղաքական հանձնառությունից խուսափել են, այնտեղ մի նախադասության մեջ գրվում է՝ այս լուծումը փաթեթային է և փոխներառված է: Այդ նախադասությունը ձևակերպել են հայկական կողմի խնդրանքով: Բայց այստեղ ուրիշ խնդիր կա: Նույնիսկ, եթե այդ պայմանագիրը ստորագրվում էր, ի՞նչ էր տեղի ունենում: Դա արդյոք մտնում էր ուժի մեջ: Ոչ, որովհետև գրված է, որ այս գործողություներն արվում են նրանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները միջպետական բանակցությունների ճանապարհով մնացած հարցերն են լուծում: Այսինքն՝ բանակցվել է մաքուր փուլային տարբերակ: Ասվում է, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը ապահովող հանրաքվեի միջոցով: Ես այս վերջերս հարց բարձրացեցի՝ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Եվ Սերժ Սարգսյանի թիմը ստիպված էր խոստովանել, որ այդտեղ խոսքը գնում է նաև Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների մասին, իսկ Ղարաբաղի բնակչություն համարվելու համար պետք է բնակվել Ղարաբաղում: Այդ 40 հազար ադրբեջանցին, որ Ղարաբաղում պիտի բնակվեր, որտե՞ղ պիտի բնակվեր: Իհարկե, պիտի բնակվեր այնտեղ, որտեղ նախկինում բնակվել է: 40 հազար ադրբեջանցի Ղարաբաղից դուրս է եկել 1988 թվականին: Հիմա այնտեղից դուրս եկածները և իրենց ժառանգները քանի՞սն են: Որևէ կասկած չունենաք, որ Ադրբեջանն ասելու էր՝ հիմա նրանք 120 հազարն են: Ընդգծվում է, որ ենթադրվող հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանական կողմն ասում էր, որ իմ դիրքորոշումն այն է, որ առաջիկա 100 տարում այդ հանրաքվեն պետք է տեղի չունենա: Այդ փաստաթղթում գրված է նաև, որ տեղի է ունենում համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Այսինքն, կա ժողովուրդ, և կա բնակչություն: Բնակչությունը ԼՂ բնակչությունն է, որը ըստ Քոչարյան-Սարգսյան զույգի բանակցած տարբերակի, կազմված է հայերից և ադրբեջանցիներից: Բա համաժողովրդական հասկացության ժողովո՞ւրդը: Ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Այստեղ է, որ շատ սկզբունքային կարևոր բան է տեղի ունենում: Ադրբեջանն ասում է, որ իր Սահմանադրության համաձայն՝ որևէ տարածքի կարգավիճակի որոշման հարցով հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն ամբողջ Ադրբեջանի կազմում: Եվ հետևաբար, սա է Քոչարյանի տված հույսերը»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ ինքը ներկայացրեց ամբողջ շղթան՝ շեշտելով, որ այն, ինչ ասաց, թղթի վրա գրված է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+