ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին:
Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը:
Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում`ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են:
Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը:
Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել:
Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






