Խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ նիստ է նախաձեռնում։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«ՀՀ Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն, քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում»,- նշեց նա։
Մարուքյանն ընդգծեց, որ Հայաստանի ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ ԱԺ պատգամավորները, ո՛չ էլ Կառավարության անդամների մեծ մասը։
«Կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, նրանց իրազեկելու, հերթական պրոցեսն է ընթանում», — ասաց նա։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






