Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը։
«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ», — նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին,- «բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով:
Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:
Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







