Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում, ինչպես նաեւ կից ներկայացված օրենքներում: ԱԺ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց առաջարկվող կարգավորումները:
Նշվեց, որ կհստակեցվեն միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասությունները եւ գործառույթները:
Կներդրվի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովելու, ունենալու վիճակագրություն, թույլ չտալու աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկելու աշխատաշուկան:
Օտարերկրացուն Հայաստանում հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հարցերով կսահմանվի նոր եւ պարզեցված ընթացակարգ: Օտարերկրացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում կկարգավորվեն նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները եւ երաշխիքները:
Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






