ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
«Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ կհստակեցվեն սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:
Փոփոխություններ ներկայացրած ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը նշել է, որ զբոսաշրջիկների եւ տեղացիների կողմից անօդաչու թռչող սարքերի նկարահանումն ու օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ անվտանգության ապահովման վրա եւ հանգեցնել Հայաստանի սահմանի պահպանության հնարավոր թույլ վայրերի բացահայտմանը: Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հանգեցրել է մաքսանենգության փորձերի ավելացմանը։ Այդ գործոնները մատնանշել են նաև Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Փաթեթի ընդունմամբ կկիրառվեն 100 հազար դրամի չափով տուգանքներ։ Արգելքը կտարածվի նկարահանումների վրա՝ առանց այլ պետության տարածքի, ինժեներական կառույցների, օգտագործվող օբյեկտների, այդ թվում՝ աշտարակների եւ տրանսպորտի թույլտվությունների։ Արգելվելու է նաև առանց համապատասխան թույլտվությունների նկարահանումներ իրականացնել սահմանային գոտում՝ սահմանից առնվազն 1 կմ հեռավորության վրա ։
Մելքոնյանը նշել է, որ նման կարգավորումներ կան ԱՊՀ մի շարք երկրների օրենսդրություններում: Մասնավորապես, Ռուսաստանում և Բելառուսում։
Քննարկման ընթացքում պատգամավորները կողմ արտահայտվեցին․ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






