Հայտնի է դարձել Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման անցկացման վայրը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի կենտրոնից։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Խորվաթիայում: Հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:
Հանդիպումը կկայանա Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում։ Աշխարհի գործող փոխչեմպիոններն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այդ մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի: Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







