Բոլորիս համար ամենացավալի խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է։ Ըստ էության Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները գերեվարված անձանց, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու մասով չի կատարում։ Այս փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց։ Այս մասին Կառավարության ապրիլի 29-ի նիստում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ Եվրամիությունն ուշ երեկոյան շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ գերեվարվելու հանգամանքներից»,- ասաց Փաշինյանը։
Նա կարևորում է այն, որ հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցած գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաև իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում կարևոր հանգամանք է։
«Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակ դրական լուծում պետք է ստանա»,- ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






