ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, նշեց, որ առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Նշվեց, որ Երեւանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:
Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու նշված ոլորտներում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները:
Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






