Պատերազմից հետո էական փոփոխություններ են եղել և՛ սահմաններում, և՛ սահմանամերձ գոտիներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա վստահեցրեց, որ վերահսկողության ուժեղացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում։
Պատգամավորի կարծիքով՝ պետք է ստեղծել անվտանգային գոտի, սահմանապահ ուժերի տեղաբաշխվածության հարց լուծել, ուղղել բանակի մեջքը:
«Այս ամբողջը համալիր աշխատանքներ են, որոնք պետք է կատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: Այնպես չէ, որ այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան և, Սյունիքում բնակվելը վտանգավոր է»,- վստահեցրեց Խաչատրյանը։
Իշխանության ներկայացուցչի գնահատմամբ՝ միջադեպեր կարող են լինել, քանի որ մեր հարևանը Շվեյցարիան կամ Ֆրանսիան չեն, որ թղթի վրա ամբողջ գրվածն օրենքի տառին համապատասխան իրականացնեն։
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ հայ- ադրբեջանական սահմանին միջադեպեր լինելու են, միայն թե դրանք պետք է հնարավորինս կանխել: Այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։
Նա նաև հայտնեց, որ սահմանային դիրքերն են ամրապնդվում․ Սյունիքի սահմանային հատվածներում փշալարեր ու տեսախցիկներ են տեղադրվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի Արավուս համայնքում հովիվի նկատմամբ ադրբեջանցիները բռնություն են գործադրել, քաշքշել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






