ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բայդենի հայտարարության հնարավոր իրավական հետևանքները, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի վարած քաղաքականության վրա դրա ազդեցությունը:
«Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, ապա Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին: Ցեղասպանության կոնվենցիան ուժի մեջ է մտել 1951 թ. և մեր մոտեցումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիայի կիրառումը հետադարձ ուժ չունի»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է դեսպանը:
Նա նաև նշել է, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ կարևոր դաշնակիցն է»:
«Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը շատ հստակ արձանագրեց, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև տարաձայնությունները պետք է արդյունավետ լուծվեն», — ասաց դիվանագետը:
Լին Թրեյսին պատասխանել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին:
«Չնայած պատերազմը դադարեցվեց կոնկրետ գործողություններով, մենք տեսնում ենք, որ կան շատ կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանվածների խնդիրները: Մի շարք հարցեր կան, որոնք դեռ շարունակում են մնալ օրակարգում Միացյալ Նահանգների և Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների համար: Եվ մենք մտադիր ենք որոնել դրանց լուծումը»,- ասաց դեսպանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






