ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի ու Նիկոլայ Բաղդասարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի վրա գտնվող ծառերի, տնկիների եւ այլ բույսերի հատման օրենսդրական կարգավորման անհրաժեշտությանը:
Մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Ազարյանը եւ Շրջակա միջավայրի նախարարության ԲՀՊՏ քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արամ Աղասյանը:
Հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություն, սակայն դրա համար պետք է ավելի խորքային ուսումնասիրություն:
ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ անհրաժեշտ են համարում օրենսդրորեն կարգավորել մասնավոր սեփականություն հանդիսացող, միաժամանակ հանրային կամ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ծառահատման սահմանափակումները՝ կարեւորելով հանրային շահի եւ մասնավորի իրավունքների ճիշտ հավասարակշռությունը: Այս բացը կարգավորելու նպատակով պատգամավորները հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանի եւ Շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո:
ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ իրենց նպատակն է իրականացնել մասնավոր սեփականության, բայց հանրային շահ ներկայացնող, ընդհանուր օգտագործման, հասանելիության ու կիրառելիության հարակից տարածքներում ծառահատման սահմանափակումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






