Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու որոշման իրավաչափությունը դատարանը քննելու է այսօր՝ 18։30-ին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
Նա, սակայն, նկատում է, որ պահանջը ենթադրում է անհապաղ քննարկում՝ մինչդեռ քննությունը հետաձգել են քննիչի՝ աշխատանքով ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նիստին չներկայանալու պատճառաբանությամբ։
«Ես չգիտեմ, թե ինչով է ծանրաբեռնված քննիչը, որ չի կարող անհապաղ քննարկման մասնակցել, դա այդքան էլ էական չէ, քանի որ քննիչի մասնակցությունը պարտադիր էլ չէ․ օրենքն է այդպես պահանջում։ Բազմաթիվ նախադեպեր կան, երբ առանց քննիչի մասնակցության է տեղի ունեցել նիստը»,-նշեց պաշտպանը։
Մեղրիի քաղաքապետի պաշտպանը դատական նիստն այսօր նշանակելը պատահական չի համարում։ Քննչական կոմիտեից ծանուցագիր են ստացել, ըստ որի՝ պետք է Մխիթար Զաքարյանի հետ ներկայանալ ՔԿ:
Գայանե Պապոյանը ենթադրում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելու։
«Հետո կալանավորման միջնորդություն են ներկայացնելու դատարան։ Դատավոր Շահվերդյանը հատուկ երեկ չի քննարկել ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ բողոքը, որպեսզի այսօր միաժանակ ներկայացնի և՛ իմ կողմից ներկայացրած բողոքը, և՛ քննիչի՝ կալանավորման միջնորդությունը»,- ասաց նա։
Պապոյանը գրություն է ներկայացրել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ տեղեկություն տրամադրելու, թե ինչ եղանակով է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։
Ըստ նրա՝ պարզ է դառնում, որ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն տեղի չի ունեցել։ Մեղրիի քաղաքապետի փաստաբանն ասաց, որ այդպես էլ չի ստացել իր հարցի պատասխանը, թե գործն ինչու է Մանվել Շահվերդյանին մակարգրվել։
Ի դեպ, ըստ մամուլի, Մանվել Շահվերդյանը հայտնի է որպես հանրային և քաղաքական գործիչների նկատմամբ անհիմն կալանավորման որոշումներ կայացնող դատավոր։
Գայանե Պապոյանը չի զարմանում, որ, հավանաբար, դատավորի այս «հատկություններով» էլ պայմանավորված գործը նրան են ուղարկել։
Հիշեցնենք, որ Սյունիքի հայտնի դեպքերից հետո Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին ձերբակալել են։ Նա ևս մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքիում տեղի ունեցած բողոքի գործողություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







