Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Սյունիքում իրադրությունը էլ ավելի սրվում է Արդրբեջանի կողմից սադրիչ հայտարարություններով․ Փաշինյան

Սյունիքում իրադրությունը էլ ավելի սրվում է Արդրբեջանի կողմից սադրիչ հայտարարություններով․ Փաշինյան
Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։ Այս մասին Facebook-ի էջում գրել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Վարչապետը խորհրդակցության ժամանակ անդրադարձել  է 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին։ Նա, մասնավորապես, ասել է․
 
«44-օրյա պատերազմից հետո Սյունիքում մարզի շուրջ անվտանգային իրադրության փոփոխություն ունենք, որն էլ ավելի սրվում է Արդրբեջանի կողմից սադրիչ, անկանոն, հակասական հայտարարություններով։ Մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ու ակնկալիքներ չունի, մյուս կողմից՝ ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին, այսօր էլ այդ երկրի ԱԳՆ-ն ստիպված էր հերքել Ադրբեջանի նախագահին, նշելով, որ խոսք չկա Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության մասին։ Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ Ադրբեջանի հայտարարությունները սադրիչ են, և դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, գնահատականի ուԿրկնում եմ,հակազդեցության, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Որպեսզի շահարկման առիթ չլինի, կրկնում եմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություն չկա, խոսք է գնում միայն հաղորդակցության ուղիների բացման մասին։ Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ապա Հայաստանն էլ կարող է խոսել Նախիջևանով միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանը նման սադրիչ հայտարարություններով ուզում է վիժեցնել հաղորդակցային ուղիների բացման գործընթացը՝ լարելով, սրելով իրավիճակը տարածաշրջանում»։
 
Փաշինյանն ասաց, թե քանի որ նախկինում ամբողջական առիթ չի եղել, ուզում է նաև խոսել Սյունիքի այն սահմանագծի մասին, որը մենք ունենք: Ի՞նչ է տեղի ունեցել: 

«Գիտեք, 44-օրյա պատերազմը, ցավոք, մեզ համար այն ընթացքը չի ունեցել, որը կարող էինք ակնկալել: Եվ մի իրավիճակում, երբ մեր պաշտպանական կարողությունները բավարար և պատշաճ չէին, որոշում է կայացվել՝ Սյունիքի սահմանագիծը համապատասխանեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի սահմանագծին, որպեսզի մենք այդտեղ կոլեկտիվ անվտանգության համակարգերը կարողանանք աշխատեցնել:

Շատ քննարկվում է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքը, և կրկին ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը տարածվել է, համենայնդեպս — հիմա կա նաև այլ գործոն, իհարկե, ռուս խաղաղապահների գործոնը Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում — Հայաստանի մասով մինչ այս պահն էլ ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները ներառյալ և այդ սահմաններից ներս:

Իսկ ինչպիսի՞ն են այդ սահմանները: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այդ սահմանները Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է և տեղորոշել է — արդեն դրա մասին բազմիցս խոսել եմ — «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով՝ ընդունված 2010 թվականի մայիսի 24-ին, որտեղ վարչական սահմաններն են գծվել: Հիմա, այդ օրենքի հավելվածից ի՞նչ ենք կարդում, ի՞նչ են սահմանել՝

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: Շուռնուխ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում: «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն): Հաջորդ պարբերությունը՝ Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծը՝ «Ա»-«Բ»: «Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ:

Հաջորդը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը: «Բ»-«Գ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքը, 2010 թվականին ընդունված օրենքով, նկարագրել է իր տարածքը, այն տարածքը, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագիրը գործում է:

Բոլորիս ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ չի նշվել, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանի հետ, այլ գրվել է, որ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանի հետ: Եվ սրանք են այն շղթայական իրողությունները, որոնք բերել են այսօրվա ստատուս քվոյին:

Բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրը հետևյալն է, և ես ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության սահմանների և, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պահպանության և անվտանգության մակարդակը պետք է բարձրացնել: Հարցը պետք է բաժանել 2 մասի՝ առաջինը՝ սահմանի պահպանությունը, երկրորդը՝ երկրի անվտանգության պաշտպանությունը: Սահմանային անվտանգությունը, ինչպես արդեն պայմանավորվել ենք և կատարել ենք համապատասխան որոշումներ, պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, իսկ արդեն անվտանգային հարցերով՝ բնականաբար, մեր բանակը, մեր Զինված ուժերը:

Ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ ծրագիր, և այդ ծրագիրը մենք իրականացնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք պետք է, այդ ծրագրի իրականացման և բարեփոխումների համատեքստում, հաշվի առնենք և հաշվի նստենք բոլոր հետևությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այո՛, մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որը լինի արժանի դաշնակից և նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը: Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, առավել ևս, որ մենք մեր ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունների համատեքստում անվտանգային որոշակի պարտավորություններ ունենք՝ նաև տարածաշրջանային նշանակության: Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք դաշնակցային պարտավորությունների մասին՝ ոչ միայն մեր նկատմամբ կան պարտավորություններ, այլև մենք նույնպես ունենք պարտավորություններ, և այս համատեքստում այդ պարտավորությունները պետք է լիարժեք ի վիճակի լինենք, կարողանանք կատարել, և Զինված ուժերի բարեփոխումները պիտի տեղավորվեն նաև այս տրամաբանության մեջ:

Շատ կարևոր է ընդգծել, որ Սյունիքի սոցիալ-տնտեսական հարցերը նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Գիտեք, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել, այդ աշխատանքային խումբը կայացրել է որոշումներ, արդեն իսկ տեղի է ունենում առաջին ծրագրերի իրականացումը, բնակարանաշինության ծրագիր է իրականացվում Շուռնուխ համայնքում: Մենք այնտեղ բնակարանների կառուցում ենք մեկնարկում: Եվ կրկին մեկ կարևոր փաստ՝ եթե չեմ սխալվում, անկախությունից ի վեր, ինչպես, օրինակ, Տավուշի մարզի Չինարի գյուղում, այնպես էլ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում տուն չի կառուցվել:

Սա, իհարկե, շատ տխուր փաստ է, և շատ տխուր է այն, որ մենք տնաշինության ծրագիրն սկսում ենք ահա այս իրավիճակում և այս առիթով։ Մենք շարունակելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը Սյունիքի մարզում, և այս համատեքստում մեզ համար չափազանց կարևոր է անդրադարձ կատարել նաև այն հարցին, թե, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ինչ բարեփոխումներ ունենք իրականացնելու, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հասարակությունը համոզված լինի, որ ազգային հարստությունից իրեն հասանելիք պատշաճ բաժնեմաս, չափաբաժին է ստանում և ոչ թե դա, այնուամենայնիվ, գտնվում է անձանց վերահսկողության տիրույթում»։

Վարչապետն անդրադարձավ նաև Մեղրիում այսօր տեղի ունեցած միջադեպին, նշելով, թե հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ ստեղծվի։ Նա ԱԱԾ պետին և ոստիկանապետին ասաց, թե հույս ունի, որ բոլոր մեղավորները հասարակության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։ Վարչապետին զեկուցվեց, որ տեղի ունեցածի առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ Սյունիքի մարզ է մեկնել։ Այսօր Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում ընդդեմ վարչապետի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Հավաքված բնակիչները պահանջել են, որ վարչապետը հեռանա իրենց մարզից։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ Facebook-ում գրել էր, որ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ էին և որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+