ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ցատկային հատվածներ. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ընդհանուր 170 հազար դոլար արժողությամբ վազքուղին դեռևս 2011 թվականին տրամադրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, սակայն անցած տարիներին այն այդպես էլ շահագործման չի հանձնվել: Ներկայիս վազքուղին, որը տեղադրվել է 1980-ականներին, կապամոնտաժվի այս ամսվա ավարտին, իսկ մայիսից կմեկնարկեն նորի կառուցման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը.
«Պրոֆեսիոնալ և մասսայական սպորտի զարգացման համար առաջնահերթ անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որոնց ստեղծման համար սկսել ենք գործուն քայլեր կատարել: Նոր վազքուղու կառուցումը թույլ կտա այստեղ անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Հետևողական աշխատանքի, ներդրումային ծրագրերի միջոցով Արարատի մարզը, որը հայտնի է իր սպորտային ավանդույթներով, ավելի սպորտային տեսք կստանա, ինչը բխում է բոլորիս շահերից»:
Նշենք, որ բացի վազքուղու տեղադրումից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին նախատեսում է ներդրումային ծրագրի միջոցով վերանորոգել մարզադաշտի տրիբունաները, խաղադաշտում տեղադրել բարձրակարգ խոտածածկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







