ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. մարտի 25-ին, ժամը՝ 13:30-ի սահմաններում, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին ադրբեջանական զինվորական ավտոշարասյան կազմում ընթացող բեռնատար ավտոմեքենայի թափքից, ինքնությունը չպարզված ադրբեջանական զինծառայողի կողմից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու մտադրությամբ, ազգությամբ հայ վարորդների վարմամբ «Նիվա» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ քարեր նետելու և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։
ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրվել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները։ Նա նշել էր, որ գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթ անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







