ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կրկին անդրադարձել է Բաքվում բացված «Պուրակ-թանգարան»-ին։ Այս անգամ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է լուսանկարներ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն իրենց մանկահասակ երեխաների հետ շրջում «պուրակով»։
«Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ: Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,-գրել է ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակ» է բացվել: Այդ «պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







