ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պահանջում է տալ Լելե Թեփեի օպերացիան կազմակերպած գեներալի անունը:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց, որ պետք է հնչեցվի այն հրամանատարի անունը, որը կազմակերպվել է Լելե Թեփե ավանտյուրան, որի նպատակն ընդամենը մեկ ստատուս գրելն էր՝ «նախկինները տվեցին, ես վերադարձրի»։
«Թող տան այն անբարո գեներալի անունը, ով կազմակերպել էր Լելե Թեփե շոուն։ Սիրելի մայրեր, դա ընդամենը մեկ «լայվի» համար էր և արժեցավ 700-ից ավելի երեխայի կյանք։ Ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի և ենթարկվի քրեական պատասխանատվության։ Զինվորականներն ասում են, որ Լելե Թեփեից հետո մեր ռազմական ռեսուրսը կոտորվեց, մեր ռազմական ոգին կոտորվեց»,- նկատեց պատգամավորը։
Ըստ Զոհրաբյանի տեղեկությունների՝ այդ օպերացիան Մովսես Հակոբյանը չի համակարգել։
Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ եթե ըստ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նշված հայտարարությունը չի արել, ապա ինչո՞ւ Գասպարյանը պատասխանատվության չենթարկվեց կեղծ հայտարարության համար:
«Եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ընդունում է, որ ինքն իմացել է՝ 44 օր մեր գեներալները վախկոտ, դասալիք են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճանության ողջ պատասխանատվությունը, որովհետև պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն է եղել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լելե Թեփեի վերաբերյալ տարածված լուրերին, ըստ որոնց՝ ինքը իբրև հանձնարարել է գրավել այդ բարձունքը, ինչի հետևանքով էլ 700 զոհ ենք ունեցել։ Նա ասել է, որ Լելե Թեփեի օպերացիայի հեղինակը եղել է գեներալ, չնշելով նրա անունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






