Հենց հիմա քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում այլևս գոյություն չունի։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտարարեց Ռ․ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ իր խոսքն ուղղելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նա հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ։ Հիշեցնենք նաև, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Այն սահմանում է սահմանադրական կարգի տապալում, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
«Դուք պետք է հիմա արդեն քրեական հետապնդումը դադարեցրած լինեիք, բայց քննարկում եք հարց՝ նիստը հետաձգե՞լ մինչև մյուս երեքշաբթի, թե՞ չէ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում։ Ուզում եք ասեմ, որ դուք արդեն հանցագործությա՞ն եք մոտենում։ Ես ձեր հետ խնդիր չունեմ, բայց չեմ ուզում դատարանին վիրավորել։ Դուք հիմա, փաստորեն, մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որն ուրբաթ օրվանից այլևս գոյություն չունի։ Դուք պատրաստվում եք մինչև մյուս երեքշաբթի հետաձգել նիստը, որ հետո դատախազները կարողանան ինչ-որ մեղադրանքնե՞ր փոխել։ Դուք կարո՞ղ եք դրա տակից դուրս գալ»,-ասաց Ալումյանը։
«Դուք այս պահին հանցագործություն եք կատարում»,-հավելեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Պաշտպանների դիտարկումներն Աննա Դանիբեկյանը վիրավորանք որակեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







