CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին 320 հազար եվրո է փոխանցվել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ իրականացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:
Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար: Նշված գումարից 127,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։
Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը: Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ները ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո»,-գրել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







