Ես, հավանաբար, ճիշտ որոշում եմ ընդունել: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված պատմությանը։
Նախագահն ասել է, որ հանդիպել է Օնիկ Գասպարյանին և վարչապետի հրաժարականը պահանջած գեներալների հետ։ Տպավորություն է ստացել, որ ո՛չ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Գլխավոր շտաբի գեներալները չեն պատրաստվում ուրիշ քայլ անել, բացի իրենց հայտարարությունից:
«Սա իրենք հայտարարում էին, և իրենց ելույթներում էլ ինձ համար շատ հստակ էր: Գեներալների հետ հանդիպման ժամանակ ես լսում էի բաներ, որոնց մասին, արդեն գիտեի, և որոշ բաներ, որ նորություն էին ինձ համար՝ բանակի վիճակի մասին: Այդ հանդիպումից հետո իմ եզրակացությունը հետևյալն էր՝ կա առերևույթ սահմանադրական խնդիր: Եվ ես հստակ ասացի, որ չեմ ստորագրելու, ուղարկեցի վարչապետին, ըստ ընթացակարգի՝ վարչապետն իր կարծիքը հետ ուղարկեց, ես նորից, երկրորդ անգամ հաստատեցի, որ չեմ ստորագրելու և խնդիրը տանելու եմ Սահմանադրական դատարան, ինչպես և արեցի»,- նշել է նա։
Երբ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի որոշումը, ընդդիմությունն ասաց՝ նախագահը միացավ իրենց:
Սարգսյանը ցավով է նշել, որ արդեն երեք տարի ուշադիր չեն հետևում, թե նախագահը և նախագահական ինստիտուտն ինչպես են աշխատում:
«Ես բացարձակապես համոզված եմ, որ այն, ինչ մենք արել ենք, ճիշտ ենք արել: Արել ենք ճիշտ և՛ պետության, և՛ երկրի կայունության համար, և ճիշտ լուծում գտնելու համար դիմել ենք Սահմանադրական դատարան: Հիմա գործը Սահմանադրական դատարանում է, և Սահմանադրական դատարանն իր վերաբերմունքը կարող էր ցույց տալ հենց առաջին օրը կամ չգիտեմ N-երորդ օրը: Երբ վարչապետը նորից դիմեց, որ ստորագրեմ Օնիկ Գասպարյանի փոխարեն նոր նշանակումը, ինչպես Դուք գիտեք, ես նորից հրաժարվեցի և ասացի, որ չեմ ստորագրելու, բայց Սահմանադրական դատարան չդիմեցի, որովհետև արդեն իսկ դիմել էի այդ հարցով: Այսինքն՝ իմ դիմումը ներառում էր ոչ միայն Օնիկ Գասպարյանի դեպքը, այլև բոլոր հնարավոր դեպքերը: Հետևաբար, իմ՝ նման ձեւով Սահմանադրական դատարան դիմելը ճիշտ էր»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը ևս դիմել է դատարան, բայց Վարչական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






