Այսօր՝ մարտի 26-ին, Թուրքիայի նախկին բարձրաստիճան երեք ոստիկաններ ցմահ ազատազրկման դատապարտվեցին 2007-ի հունվարին «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով։ Այս մասին գրել է «Անադոլու» գործակալությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են հենց Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում:
Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի դատարանը Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերին և Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեին մեղավոր է ճանաչել Դինքի սպանությունը նախապատրաստելու համար և ցմահ ազատազրկման է դատապարտել:
Տրապիզոնի նահանգի ոստիկանության նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման: Լրագրող Էրջան Գյունը, որը մեղադրվում էր FETO-ին անդամակցելու համար, ստացել է տասը տարվա ազատազրկում:
Մեղադրյալներից մի քանիսն արդարացվել են:
Դինքը սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին՝ 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից Ստամբուլում իր թերթի գրասենյակի մուտքի մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







