Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, հիմա էլ ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ առաջիկայում կունենան Վենետիկի հանձնաժողովի պատասխանը։
«Քաղաքացիների մոտ կարող է տպավորություն լինել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի գլխավոր փոփոխությունը ընտրակարգն է, սակայն, նախատեսվում են նաև բազմաթիվ այլ փոփոխություններ: Պայմանավորված արտահերթ ընտրություններով՝ ընտրակարգի փոփոխությունը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը»,- հավելեց նա։
Իշխանական պատգամավորի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն անակնկալ չի եղել որևէ մեկի համար: Նա հիշեցրեց վարչապետի խոսքերն, ըստ որի՝ պետք է անցում կատարվի համամասնական համակարգի։
Պարզաբանելով Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված հակասական կարծիքները, նա նշեց, որ փորձում են պարզեցնել խաղի կանոնները։
Կոնջորյանն ասաց, որ իրենց համար ավելի կարևոր էր, որ ընտրության անցկացման որոշումը կոնսենսուսով լինի։
Ըստ պատգամավորի՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրությունների։
Նրա պնդմամբ՝ ընտրակարգի փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը որևէ հիմք չունի:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրության կգնան համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտինգայինից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






